Ամերիկյան երգչուհի Մադոննան 22.5 մլն դոլարով վաճառում է Բևերլի Հիլզում գտնվող իր առանձնատունը: Այս մասին հաղորդել է The Los Angeles Times թերթը:
Ֆրանսիական ոճով կառուցված տանը կան ինը ննջարաններ, երկմակարդակ ճաշասենյակ, մարզասրահ, բար, գեղարվեստական ստուդիա և կինոսրահ: 0.5 հա տարածքում կան երկու հյուրասենյակ, լողավազան և թենիսի կորտ: Ընդհանուր տարածքը 580 ք/մ է:
Փոփ-երգչուհին 2003թ.-ին առանձնատունը գնել է մոտավորապես 12 մլն դոլարով և այն կապիտալ վերակառուցել:
Տեղեկություններն այն մասին, որ Մադոննան մտադիր է վաճառել անշարժ գույքը, հայտնվել է դեռ 2012թ.-ի մարտին: Այն ժամանակ հաղորդում էին, որ առանձնատան գնորդի որոնումները հեռակա կարգով են իրականացվում, իսկ առանձնատան համար երգչուհին 28 մլն դոլար էր պահանջում:
Մադոննան անշարժ գույքի շուկայում ակտիվ խաղացող է համարվում: Մասնավորապես, 2012թ.-ի աշնանը հաղորդվում էր, որ երգչուհին 23.5 մլն դոլարով վաճառքի է հանել Մանհեթենի իր բնակարանը:








































