Տիգրան Սարգսյանը կարող է կին ունենալ, նա մարդ ունենալ չի կարող: Սա հայաստանյան քաղաքականության կատակներից է, որի հեղինակը Հովիկ Աբրահամյանն է: Նա այդ կատակն արել է լրագրողների հետ ճեպազրույցում, երբ հարցրել են կառավարությունում Տիգրան Սարգսյանի մարդկանց մասին:
Հովիկ Աբրահամյանի պատասխանը վկայել է, որ լրագրողները դիպել են ցավոտ տեղին: Հակառակ պարագայում Աբրահամյանն իր պատասխան-կատակով չէր հեգնի Տիգրան Սարգսյանին: Իսկ հեգնանքն ակնհայտ է: Դա էլ վկայում է, որ Տիգրան Սարգսյանը, անգամ հեռացած լինելով Հայաստանից, շարունակում է լինել Հովիկ Աբրահամյանի գլխավոր մրցակիցներից մեկը Հայաստանի իշխանական համակարգում:
Սարգսյան-Աբրահամյան հակադրությունը սրվեց Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակումից: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ակնկալում էր, որ վարչապետական մրցանակը լինելու է իրենը, առավել ևս, որ նա այդ մրցանակին գնացել էր փոխվարչապետության երկարուձիգ տարիների համբերատարությամբ: Սակայն տեղը գրավեց Տիգրան Սարգսյանը, որը չէր համարվում ՀՀԿ-ի համար յուրային: Չարդարացան նաև սպասումները, որ Սարգսյանը կարճ ժամանակի վարչապետ է լինելու, և ինչքան նրա պաշտոնավարումը երկարում էր՝ մոտենալով Անդրանիկ Մարգարյանի «ռեկորդին», այդքան Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները Սարգսյանի հետ սրվում էին, մրցակցությունը սրվում էր, քանի որ Աբրահամյանը նրան այլևս մրցակից էր տեսնում ոչ թե վարչապետական պաշտոնի, այլ արդեն նախագահական աթոռի համար:
Սակայն, ի վերջո, ոչ իշխանական ուժերի օգնությամբ Հովիկ Աբրահամյանը կարողացավ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հասնել և զբաղեցնել վարչապետի պաշտոնը՝ այն դիտարկելով որպես ցատկահարթակ նախագահական պաշտոնը Սերժ Սարգսյանից ստանձնելու համար: Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում դեսպան, ինչը, ըստ էության, աքսոր էր հիշեցնում: Սակայն երևում է, որ հազարավոր կիլոմետրեր, մի ողջ Եվրոպա աշխարհամաս և Ատլանտյան օվկիանոս այն կողմ էլ Տիգրան Սարգսյանը շարունակում է Հովիկ Աբրահամյանի համար ցավոտ թեմա լինել, ինչն էլ ակնհայտորեն դրսևորվում է լրագրողներին տված նրա պատասխանում:
Եվ այստեղ խնդիրը երևի թե այն չէ, որ Աբրահամյանը մտահոգ է Տիգրան Սարգսյանի որևէ կերպ վերադարձով և այսպես ասած ժառանգորդների շարքում առանցքային տեղ գրավելու նրա հեռանկարով: Դա կարելի է այլևս փակված թեմա համարել: Հովիկ Աբրահամյանի խնդիրն, իհարկե, այլ է: Նրան անկասկած մտահոգում է Տիգրան Սարգսյանը հենց ԱՄՆ-ում, Վաշինգտոնում: Չնայած Հայաստանը Հովիկ Աբրահամյանի, նրա կուսակիցների, խնամիների և այլոց ջանքերով վերածվում է Ռուսաստանի նահանգի, այնուհանդերձ Հայաստանում կարիերայի հարցում ԱՄՆ վերաբերմունքը չի կարող շատ կարևոր չլինել, առավել ևս, որ անգամ Հայաստանը կապիտուլյացիայի տանողները հասկանում են, որ Ռուսաստանը հայտնվել է ծուղակում, և նրան ապավինելը այնքան էլ հուսալի հեռանկար չէ:
Այս պարագայում, ԱՄՆ հետ լավ հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև Հայաստանում իշխանական հավակնություններ ունեցող ցանկացած ուժի համար առնվազն, այսպես ասած, պահեստային երաշխիքներ են, եթե ոչ ընթացիկ կարևոր գործոններ: Իսկ քանի որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Տիգրան Սարգսյանն է, այսինքն՝ մեղմ ասած Հովիկ Աբրահամյանի ոչ բարեկամը իշխանական համակարգում, Աբրահամյանն, իհարկե, մտահոգվելու առիթներ ունի ԱՄՆ վերաբերմունքի կապակցությամբ, որի ձևավորման հարցում երևի թե անհերքելի է Տիգրան Սարգսյանի դերը: Եվ հավանական է, որ Հովիկ Աբրահամյանի մտահոգությունները ունեն նաև արդեն իսկ գործնական հիմքեր:
Մասնավորապես, օրինակ, երբ ԱՄՆ էր այցելել Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում, նրան ընդունել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը, ընդ որում՝ նախապես չծրագրավորված հանդիպումով: Հովիկ Աբրահամյանի հոկտեմբերյան այցն ԱՄՆ անցել է առանց նմանօրինակ ընդունելությունների: Այցն, իհարկե, ուներ ԱՄՀ-ի և ՀԲ-ի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակ, սակայն Աբրահամյանն անկասկած դեմ չէր լինի Վաշինգտոնում արժանանալ ավելիին, հատկապես մինչ այդ Ռուսաստանից բավական անհարգալից կերպով մերժված լինելու պարագայում՝ նա ինքը հայտարարել էր, որ սեպտեմբերին Հայաստան է գալու ՌԴ վարչապետ Մեդվեդևը, բայց Մեդվեդևն այդպես էլ չժամանեց, և նույնիսկ բացատրություն չեղավ, թե ինչու:
Աբրահամյանի համար ԱՄՆ-ում համեմատաբար բարձր ընդունելությունը կլիներ լավ փոխհատուցում հայաստանյան իշխանական համակարգի առաջ, որտեղ Աբրահամյանի վարկն անկասկած ընկել էր Ռուսաստանի շնորհազրկումից հետո, ինչպես որ կընկնի ցանկացած այլ իշխանական հավակնություն ունեցող գործչի վարկ:
Եվ թեև նրա ԱՄՆ կատարած այցը, ըստ էության, տապալված չէր և առնվազն արարողակարգային նպատակների առումով անցել էր ստանդարտից ոչ պակաս, այդուհանդերձ ավելիի նա չէր արժանացել: Հայաստան նրա վերադարձից հետո կառավարություն էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, և թեև երկուստեք հաջող էր գնահատվել Աբրահամյանի ամերիկյան այցը, այնուհանդերձ փաստն ինքնին, որ ԱՄՆ-ը Հովիկ Աբրահամյանին, ըստ էության, ընդունելության որևէ մակարդակի չի արժանացնում Վաշինգտոնում և միայն Երևանում դեսպանի հետ հանդիպման, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի հանդեպ ձևավորվել է «չեզոք» վերաբերմունք, ինչը մի կողմից այնքան էլ վատ չէ՝ նկատի ունենալով «Վիկիլիքսի» նամակներից հայտնի դարձած ԱՄՆ դիվանագետների գնահատականներն ու վերաբերմունքը Աբրահամյանի հանդեպ, իսկ մյուս կողմից, իհարկե, խիստ անբավարար է՝ նկատի ունենալով Աբրահամյանի խնդիրները և տնտեսության, և պարզապես իշխանական ու ներքաղաքական համակարգի առումներով:
Առավել ևս, որ դեռ սկիզբն է, իսկ Տիգրան Սարգսյանը շարունակում է աշխատել ԱՄՆ-ում: Իսկ ի լրումն այդ ամենի, կառավարությունում փոխվարչապետ է նշանակվում Վաչե Գաբրիելյանը, ով ասոցացվում է Տիգրան Սարգսյանի թիմի հետ և պորտֆելը թողել էր Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո:
Լուսանկարը՝ Photolure-ի











































