Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն այնուամենայնիվ ունի իր դրական էֆեկտը, և չնայած դժվար է ասել՝ ինչքանով է տեղին պետության ինքնիշխանության կորստի սարսափելի վտանգի պահին հիշատակել «չկա չարիք առանց բարիքի» արտահայտությունը, բայց, բոլոր դեպքերում, ներկայումս տեղի ունեցողն, այդուհանդերձ, ինչ-որ ծառայություն մատուցում է Հայաստանի հասարակությանն ու հայկական պետականությանը՝ թեկուզ որպես ապագայի ավանս: Խոսքն այն մասին է, որ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը հանդիսացավ Հայաստանի ոչ միայն քաղաքական ողջ դասի, այլև ըստ էության անկախության ողջ երկու տասնամյակների ընթացքի լյուստրացիոն գեներատորը:
ԵՏՄ-ին անդամակցության մեկ տարին, ըստ էության, հասարակության աչքի առաջ բացեց Հայաստանի անկախության երկու տասնամյակները, բացեց գուցե թե ավելի, քան այդ տասնամյակներն իրենց ընթացքով, վայրիվերումներով, փառավոր ու ամոթալի էջերով, հաղթանակներով ու ողբերգություններով, սակայն ընդհանուր առմամբ՝ ներկայիս տխուր հանրագումարով: ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը, ըստ էության, ինչպես ափի մեջ ցույց տվեց, թե անկախության երկու տասնամյակների ընթացքում ովքեր են առաջնորդել Հայաստանը, ովքեր են եղել կարևոր պետական լծակներ տնօրինողները, կարևորագույն որոշումներ կայացնողները, Հայաստանի պոտենցիալը, հանրային գիտակցությունը, արժեհամակարգը ձևավորողները:
ԵՏՄ անդամակցության մեկ տարին ցույց տվեց, թե ինչպես է հետևողականորեն ոտնահարվել արժանապատվություն հասկացությունը և՛ անհատի, և՛ պետության մակարդակով: Ինչպես է ցինիզմը վերածվել քաղաքական լուրջ կատեգորիայի, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ հռչակվել կեղծիք, ինչպես է երկիրը վերածվել անձնական բիզնես-հումքի, իսկ երկրի նախագահի պաշտոնը դարձել անձնական հարստաման աղբյուր:
ԵՏՄ-ին անդամակցության մեկ տարին մեր անկախ պետականության երկու տասնամյակների ախտորոշումն էր՝ սոնոգրաֆիան, որը օրգան առ օրգան ցույց տվեց, թե ինչպես և ինչքան է քայքայված պետություն կոչվող մեր օրգանիզմը՝ պարզորոշ ի ցույց դնելով, որ այդ օրգանիզմը չի կարող երկար ապրել, և հիվանդ մարմնում չի կարոց առողջ հոգի մնալ: Բնական է, որ տարեցտարի երկու տասնամյակի ընթացքում քայլ առ քայլ ծյուրված օրգանիզմն ու Ռուսաստանի կայսրությունից դեռ չպոկված՝ այնտեղ վերադարձող երկիրը վերջին ակորդում պետք է հանձնվեր հենց այդպես՝ անամոթաբար, որովհետև հիվանդ մարմնի քայքայումից հետո քայքայվել է նաև հոգին: Այդ ախտորոշումն է Հայաստանի այն թեկուզ մխիթարական էֆեկտը, որ թողնում է ԵՏՄ-ին անդամակցումը:
Այժմ հասարակությունը գիտի, թե ինչ է Հայաստանի քաղաքական դաշտը, և գիտի, որ երկու տասնամյակները վերցրած այս դաշտով, ըստ էության, հնարավոր չէ լուծել այն խնդիրները, որ կան Հայաստանի առաջ, հասարակության առաջ: Պարզ է, որ պետությունը ձեռքից ձեռք ղեկավարած այդ դաշտն ըստ էության չէր էլ կարող այլ արդյունքի բերել: Այսօր, սակայն, հասարակության խնդիրն է ճիշտ եզրահանգման գալ ախտորոշման արդյունքից, գալ ճիշտ լուծման և այդպիսով օգտագործել ներկայիս աղետալի գործընթացի թողած գոնե այդ չնչին էֆեկտը Հայաստանի շրջադարձի համար։







































