Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հայտարարություն է ընդունել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցող ՀՀ ԱԺ խմբի ղեկավար Մարգարիտ Եսայանը:
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- նշված է հայտարարության մեջ:
Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցում են 80 երկրներ: Գործում է նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի կազմում են մոտ 50 մահմեդական երկրներ, որոնց մի մասն անդամակցում են Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը: Եվ այս առումով, Մ. Եսայանի խոսքերով, ավելի է կարևորվում ԼՂՀ հարցի հետ կապված հայտարարությունը: Այսինքն՝ իսլամական երկրները նույնպես միացել են ԼՂՀ հարցի հետ կապված այդ բանաձևին:
Մ. Եսայանը նաև նշեց, 2015 թ. Երևանում պետք է անցկացվի Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտգործնախարարների հերթական խորհուրդը: Նրա գնահատմամբ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան երբևէ տեղի չի ունեցել: «Վերջին 20-25 տարում նման բան չի եղել, որ այդպիսի մեծաքանակ կազմակերպությունն իր նիստն անի Երևանում: Ֆրանկոֆոնիայի նիստին ես եկա պայմանավորվածության, որ մարտին Երևանում կանցկացվի արդեն Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախարարների նիստը: Շուրջ 40 երկրների պատվիրակությունների ղեկավարներ իմ հրավերով գալու են Երևան: Դա շատ կարևոր էր, որ հենց 2015-ին լինի, որովհետև մենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներ ունենք, մեր եվրոպացի գործընկերները ներկա կլինեն այդ միջոցառումներին»,- ասաց Մ. Եսայանը:
Վերջինս նաև ավելացրեց, որ Ադրբեջանն իսլամական համագործակցության անդամ է, բայց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ չէ: Հարցին՝ ի՞նչ կարող է տալ Հայաստանին Ֆրանկոֆոնիան՝ պատգամավորն այսպես պատասխանեց. «Ֆրանկոֆոն աշխարհը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ֆրանկոֆոնիան շատ ավելի հզոր կառույց կարող է լինել մեր խնդիրների հետապնդման համար: Դա մի հսկայական կառույց է, որտեղ ընդգրկված են աշխարհի 80 երկրների նախարարներ, մոտ 60 երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ: Մեզ համար կարևոր ամբիոն է այնտեղ, մենք կարող ենք մեր խնդիրները ներկայացնել այնտեղ, համատեղ հայտարարություններ ընդունել և՛ ԼՂՀ-ի խնդրի հետ կապված, և՛ Ցեղասպանության ճանաչման հետ կապված, ինչը մենք փորձում ենք անել»:









































