ՀՀ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելիս հարցում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են նշել այն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը, ընտրանքի ձևը, հավաքման ձևը, հավաքման վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաև պատվիրատուներին, հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը: Դրանք, սակայն, չեն իրականացնում Հայաստանում սոցիալական հարցումներ իրականացնողները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան, նախագահի նախկին թեկնածու, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանը:
Փաստաբանը նշեց, որ եթե սոցիալական հարցումներում երբևիցե նշվել է կազմակերպության անվանումը կամ հարցվողների թիվը, ապա հնարավոր սխալի վիճակագրական գնահատականն ընդհանրապես չի հրապարակվել, ինչպեսև չեն հրապարակվել հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսական աղբյուրն ու պատվիրատուի անունը:
«Առ այսօր Հայաստանում կատարվող սոցիոլոգիական հարցման արդյունքները չեն համապատասխանել ՀՀ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին, և ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգների հրապարակած «սոցիոլոգիական» հարցման արդյունքները ավելի շատ նման են Նոստրադամուսի կամ Գլոբայի գուշակություններին, ինչը, ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների, չի կարելի դիտել որպես սոցիոլոգիական հարցման արդյունքներ»,- ասաց փաստաբանը:
Մինչդեռ «Սոցիոմետր» ընկերության ղեկավար Ահարոն Ադիբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտրապայքարի ընթացքում նրանք հարցումների արդյունքները կհրապարակեն, ինչպես հարկն է:
Սակայն սոցիոլոգի այս դիտարկմանն անդրադառնալով՝ փաստաբան Այվազյանը նշեց, որ օրենքի մեջ ընտրապայքար բառը չի ասվում, այդ իսկ պատճառով բոլոր հրապարակված թվերը անօրինական են և բացասաբար են ազդում հասարակության կարծիքի ձևավորման վրա:







































