Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում մեծ հեղինակություն վայելող ազատ ոճի ըմբիշ, 23-ամյա Կայլ Դեյկը գոտեմարտելու է Հայաստանի լավագույն ըմբիշներից մեկին ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2014 թ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 27-ամյա Արսեն Ջուլֆալակյանի հետ: Նրանց մենամարտը ամերիկյան ուսանողական թիմերի մրցաշարի շրջանակում տեղի է ուենալու դեկտեմբերի 21-ին Նյու-Յորքի նշանավոր «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզապալատում: Այս մրցամարտի հովանավորը Muscle Pharm ընկերությունն է, որը մասնագիտացված է մարզիկների սննդի մեջ օգտագործվող կենսաբանական հավելումների թողարկումով:
Կայլ Դեյկը թեև ԱՄՆ-ի սահմաներից դուրս քիչ հայտնի է, սակայն ԱՄՆ-ում համարվում է երկրի ամենահանրաճանաչ ըմբիշներից մեկը: Նա ԱՄՆ-ի ազգային հավաքականում 74 կգ քաշային կարգում հանդիսանում է օլիմպիական չեմպիոն, հռչակավոր Ջորդան Բարոուզի գլխավոր մրցակիցը: Նրա հիմնական նվաճումները կապված են ԱՄՆ-ում մեծ հեղինակություն վայելող ըմբշամարտի ուսանողական առաջնություններում ունեցած հաջողություններևի հետ, ուր նա 4 անգամ դարձել է չեմպիոն (ընդ որում 4 տարբեր քաշային կարգերում), մի բան որ երբևէ քչերին է հաջողվում:
Անցած կիրակի Ջուլֆալակյանի ապագա մրցակիցը Նյու-Յորքի հարևանությամբ գտնվող Իտակա քաղաքում կազմակերպված ըմբշամարտային շոուի ընթացքում վաստակեց 7500 դոլար՝ իր հայրենակից Էնդրի Հոույի հետ անցկացրած գոտեմարտում հաղթելու համար:
Նշենք, որ Ջուլֆալակյանի հետ Դեյկի մենամարտը ընթանալու է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի կանոններով: Կայլ Դեյկը 2008 թվականին հանդես է եկել հունահռոմեկան ոճի ԱՄՆ-ի պատանեկան առաջնության 60 կգ քաշային կարգում ու դարձել է երկրի չեմպիոն: Ճիշտ է հետո աշխարհի առաջնությանում անհաջող է հանդես եկել ու զբաղեցրել է միայն 14-րդ տեղը:
Հետագայում Դեյկը իր մարզական կարիերան շարունակել է ազատ ոճի ըմբշամարտում: Միջազգային ասպարեզում այս մրցաձևում էլ Կայլը առայժմ ընդամենը երկու մրցելույթ է ունեցել:
2013 թ Բաքվում ընթացած բարձրակարգ ներկայացուցչական «Գոլդեն Գրան պրիում» զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ այս տարվա սկզբին Կուբայի մայրաքաղաք Հավանայում հաղթող է ճանաչվել Գրամնի գավաթի խաղարկությունում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն








































