Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Իսպանիայի հավաքականի դարպասապահը նշել է, որ թիմի հաջողությունները պայմանավորված են իտալացի մասնագետի աշխատանքով:
«Թիմն, ընդհանուր առմամբ, հիանալի աշխատանք է կատարում, և արդյունքները դրա պտուղներն են: Անչելոտին արժանի է այս հաջողություններին: Ցավում եմ միայն, որ Իսպանիայի հավաքականը չկարողացավ լավ ելույթ ունենալ և ուրախացնել երկրպագուներին»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:
Հիշեցնենք` Անչելոտին գլխավորել է «Ռեալ»-ը 2013/14 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Իսպանիայի գավաթն ու Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դարձել, Պրիմերայում զբաղեցրել երրորդ տեղը: Ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը` 12 տուրերից հետո իր ակտիվում գրանցելով 30 միավոր:







































