«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կարնեգի» փորձագիտա-վերլուծական կազմակերպության մոսկովյան կենտրոնի փորձագետ, քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն:
-Պարոն Մալաշենկո, նախագահական մակարդակով երեք հանդիպումներից հետո նախորդ շաբաթ լարվեց իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, երբ Ադրբեջանը խոցեց զորավարժությունների մասնակցող հայկական ռազմական ուղղաթիռը: Սա աննախադեպ ագրեսիա էր Ադրբեջանի կողմից: Ո՞ւմ՝ ՌԴ-ի՞ն, թե՞ Արևմուտքին է ձեռնտու ԼՂ հակամարտության գոտում լարվածության հերթական ալիքը, և ի՞նչ սպասել հակամարտությունից ու բանակցություններից առաջիկայում:
-Ներկայում ես կարծում եմ, որ ո՛չ հակամարտող կողմերին և ոչ էլ միջազգային հանրությանն է ձեռնտու հակամարտության ռազմական գործողությունների բռնկումը: Այնպիսի զգացողություն ունեմ, որ տեղի ունեցավ զորավարժությունների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսինքն՝ կողմերն առանձին-առանձին զորավարժություններ անցկացրին: Հայաստանի դեպքում ԼՂ-ի հետ զորավարժություն անցկացնելը բավականին կարևոր իրադարձություն էր, եթե հաշվի առնենք նաև, որ զինուժի 70%-ը գտնվում է ռազմական բարձր պատրաստվածության կարգավիճակում: Ես պարզապես հստակ չգիտեմ, թե ինչու այդ ուղղաթիռի հետ նման բան պատահեց, քանի որ պարզվել է, որ միջադեպի ժամանակ ուղղաթիռը թռիչքի մեջ էր և սպառնալիք չէր ներկայացնում Ադրբեջանի համար, տարօրինակ է, որ նման բան պատահեց: Թեև, մյուս կողմից, անհասկանալի էր, թե ուր էր այն թռչում. ինձ համար կան որոշակի չպարզաբանված հարցեր: Բայց ամեն դեպքում սա մի դրվագ է, այնպիսի մի դրվագ, որի ականատեսն անցյալում ևս եղել ենք: Պետք է հասկանալ, որ նման միջադեպերը կրկնվելու են, քանի որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ և մոտ ապագայում չի կարգավորվի: Ես ինքս ուշաթափության հիմքեր չեմ տեսնում: Այդպես եղել է, այդպես է հիմա և այդպես կլինի:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Մինսկի խումբը չկարողացավ օգոստոսից հետո տեսանելի արդյունք արձանագրել, այսինքն՝ գուցե եղան տեղաշարժեր, որոնք մեզ համար տեսանելի չե՞ն: Ինչո՞ւ բարձր մակարդակով բանակցություններից հետո, երբ կողմերը համաձայնության եկան հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ միջոցներով, նման միջադեպ գրանցվեց:
-Իսկ ի՞նչ արդյունքներ կարող էին լինել բանակցություններից հետո: Կարող է լինել միայն երկու արդյունք՝ բանակցությունների շարունակականություն և դրանց բացակայություն. շարունակականությունն ավելի լավ է, քան ուղղաթիռներ խոցելը: Իսկ եթե որևէ մեկը մտածում է, թե դա կհանգեցնի վերջնական կարգավորման, չարաչար սխալվում է, քանի որ ՄԽ նպատակը ինքնին բանակցությունն է:
Ես կարծում եմ, որ ՄԽ-ն և այն ամենը, ինչ այդ գործընթացի հետևում է կանգնած, որոշակի հիմք է խնդրի շուրջ առևտրի համար: Այնտեղ կան որոշակի հանգամանքներ՝ Լաչինի միջանցք, Ղարաբաղի կարգավիճակ, ադրբեջանական տարածքների հարց, կան այլ հարցեր ևս, որոնք պետք է համաձայնեցվեն, բայց ոչ հիմա: Վաղ թե ուշ լինելու է խոսակցությունն այս հարցերի շուրջ և բավականին լուրջ:
-Հայաստանը սեպտեմբերի 3-ով կարծես ամրապնդեց կամ պահպանեց այն անվտանգության երաշխիքները, որոնք ընդունված է համարել, որ տրամադրում է Ռուսաստանը: Այդ անվտանգության երաշխիքները չեն գործում հայկական պետությունների դեմ աննախադեպ ագրեսիայի դեպքում: Որտե՞ղ է ՌԴ-ն՝ որպես երաշխավոր. ՌԴ-ն, փաստորեն, հանդես է գալիս որպես միայն ՄԽ համանախագահ երկիր:
-Ես փոքր-ինչ կասկածում եմ երաշխիքների դեպքում, քանի որ եթե մենք խոսում ենք անվտանգության մասին պատերազմի վերսկսման համատեքստում, ապա չեմ կարծում, որ ՌԴ-ն կներգրավվի այդ հակամարտությունում՝ չնայած իր ռազմաբազայի ներկայությանը Հայաստանում: ՌԴ-ն կանի ամեն ինչ, որ չսկսվի պատերազմ, ինչն այսօր ևս անում է. այսօր անում է դիվանագիտական մակարդակում՝ հաշվի առնելով սեփական ազգային շահերը:
Ես բացարձակապես չեմ պատկերացնում պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական զինվորականների մասնակցությամբ. այդ ժամանակ կլինի պատերազմ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, որոնց հետևանքները բոլորիս են հայտնի: Ոչ, ինչպես եղել է, այնպես էլ կմնա այս հարցում ևս: Իսկ խոսակցությունները շատ կլինեն:
-Օրերս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ ՌԴ-ին 100%-անոց երաշխիքներ են անհրաժեշտ այն մասին, որ Արևմուտքը չի մտածի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին: Ինչպե՞ս պետք է հասկանանք մենք նման հայտարարությունները, որ չունե՞նք Արևմուտքի հետ հարաբերություններ կառուցելու իրավունք, կան սահմաններ, որոնք իրավունք չունե՞նք խախտելու:
-Ես, անկեղծ ասած, երբեք չեմ հասկացել այն հայտարարությունների իմաստը, որոնք Պեսկովն է անում: Նրան մեկնաբանելը ևս դժվար է, քանի որ նա իրականում խոսափող է որոշակի ուղեղի մարդու համար, իսկ թե ինչ է կատարվում այդ ուղեղում, երբ նա խոսում է Ուկրաինայի մասին՝ մենք չգիտենք,: Գիտե՞ք՝ մեկնաբանելու ոչինչ չկա: Սա հեռավորության վրա մտքի փոխանակում է, ըստ իս:
Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին և Ուկրաինային, ապա ես կարծում եմ, որ այդ անդամակցությունը հնարավոր չէ, դա նրանց ամենևին անհրաժեշտ չէ, քանի որ նրանք փոքր-ինչ շփոթվել են,- Եվրոպացիներին նկատի ունեմ՝ առաջին հերթին ՌԴ պահվածքից,- ուստի այս հարցը պրոպագանդիստական գործիքներով շրջանառվում է հատուկ նպատակների համար:
-Այսինքն՝ հետխորհրդային երկրները ազատ կարո՞ղ են հարաբերություններ վարել Արևմուտքի հետ:
-Ես կհրաժարվեի «հետխորհրդային» ձևակերպումից, քանի որ այդ տարածաշրջանում ազգային պետականություններ են՝ իրենց դժվարություններով: Կա, բնականորեն, որոշակի սոցիալ-մշակութային հոգեբանություն, շարունակականություն, Դոնբասում դա ռացիոնալիզմ են համարում: Ես կարծում եմ, որ ուկրաինական ճգնաժամի հետ կապված ցանկացած բարդացում հարվածում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վարկանիշին: Որևէ մեկին հաճելի չէ հետևել, թե ինչ է կատարվում Դոնբասում, և որևէ գործընկեր չաջակցեց Ղրիմին՝ ո՛չ Ղազախստանը, ո՛չ եվրասիական հանրությունը: Այս հարցն այս դիտանկյունից է, ըստ իս, պետք դիտարկել:
-Ի վերջո, ինչպե՞ս կհանգուցալուծվի Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա հակամարտությունը՝ հաշվի առնելով վերջին կտրուկ հայտարարություններն արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների և ՌԴ նախագահի կողմից: Որքա՞ն կդիմագրավի արդեն սկսված կոշտ քաղաքականությանը և վերաբերմունքին Ռուսաստանը:
– Պետք է Պեսկովն այս հարցին պատասխանի: Ես կարծում եմ, որ եթե այս ամենը չդադարեցվի, ապա որոշ ժամանակ անց, գուցե ամիսներ, երկու տարի անց իրավիճակը ծայրահեղ ծանր լինի, քանի որ Ուկրաինային զուգահեռ ընկնում է նավթի գինը, ընդհանուր ճգնաժամ է: Այսինքն՝ կարելի է ընկնել փոսը: ՌԴ քաղաքականությունը գուցեև ընկնի փոսը:









































