Ուուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Կարակաս է ժամանել՝ հաջակցություն Ուգո Չավեսի կազմակերպվող զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար,- հայտնել են լատինաամերիկյան ԶԼՄ-ները: Մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն,- փոխանցում է RIANovosti-ն:
Չավեսը հաղթել էր նախագահական ընտրություններում հոկտեմբերի 7-ին, նրա երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենար այսօր: Արարողությունը տեղի չի ունենա, դրա փոխարեն նախագահական պալատի դիմաց զանգվածային ակցիա տեղի կունենա: Սպասվում է, որ դրան կմասնակցեն Բոլիվիայի, Հաիթիի, Նիկարագուայի, Ուրուգվայի նախագահները, Պարագվայի նախկին ղեկավար Ֆերնանդո Լուգոն, Արգենտինայի և Էկվադորի ԱԳՆ ղեկավարները:
Խոսե Մուխիկան չի նախատեսում Կուբա մեկնել Ուգո Չավեսին տեսակցելու:
Դեկտեմբերի սկզբից Չավեսը Կուբայում է, որտեղ քաղցկեղային ուռուցքը հեռացնելու համար վիրահատվել է: Վիրահատությունից հետո նրա մոտ թոքերի վարակ է հայտնաբերվել, ինչը հետագայում շնչառական անբավարարություն է առաջացրել:
Կուբայի կառավարական պատվիրակությունը՝ կառավարության փոխնախագահ Միգել Դիաս-Կանելի գլխավորությամբ, ևս ժամանել է Կարակաս՝ մասնակցելու զանգվածային ակցիային,- հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր չէ մարդկանց ցույցի հանել երկրի Գերագույն դատարանի որոշման դեմ, որով Չավեսին թույլատրել հետաձգել երդմնակալության արարողությունը, հայտարարել է ընդիմության ղեկավարներից մեկը՝ Միրանդա նահանգի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը:
«Հերիք են սպառնալիքները, ատելությունն ու հակամարտությունը, մենք ժողովրդին իրար դեմ չենք հանի, և դա ոչ թե թուլության, այլ պատասխանատվության նշան է»,- տեղական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքերը:
Կապրիլեսն ասել է, որ այդ որոշումը վերջնական է, բայց չի լուծում անորոշության խնդիրը: Նրա խոսքով՝ Չավեսի հիվանդության և երկրից նրա բացակայության պայմաններում կառավարությունն ամբողջովին հաշմված է: Նա նաև կոչ է արել հարգել միլիոնավոր վենեսուելացիների կարծիքը, որը տարբերվում է կառավարող կուսակցության քաղաքականությունից:










































