Իկեր Կասիլյասը վստահ է, որ «Ռեալ»-ի հիմնական կազմից դուրս է մնացել անձնական դրդապատճառներով: Պատասխանելով այն հայտարարությանը, թե ինքը վատ մարզավիճակում է՝ Իկերը ասել է, որ եթե իրոք ինքը այդքան թույլ է հիմա, ինչպես է 6-րդ անգամ անընդմեջ հայտնվել տարվա խորհրդանշական հավաքականում: Ի դեպ, ո՛չ Սիլվինյո Լոուրոն, ո՛չ Ժոզե Մոուրինյոն չեն շնորհավորել Իկերին IFFHS-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահի մրցանակը ստանալուց հետո, ինչը կրկին ապացուցում է, որ մարզիչները ինչ-որ բան ունեն Իկերի դեմ:
Մարզչի ու թիմի ավագի միջև առկա սառը հարաբերությունները վատ պահված գաղտնիք է, ավելին, այդ հարաբերությունները ոչ թե սառն են, այլ սառցե: Ֆլորենտինո Պերեսն էլ է անհանգստացած իրավիճակով, որը խաթարում է հանդերձարանում տիրող առողջ մթնոլորտը մրցաշրջանի ամենակարևոր հատվածից առաջ: Ակումբը շարունակում է հայտարարել, որ Մոուրինյոյի որոշումը, ինչքան էլ ռիսկային է, արժանի է, որ հարգվի, ու ունենք այն, ինչ ունենք: Դա այն որոշումը չէ, որը սպասելի էր ակումբի կողմից, բայց ոչ ոք մարզչից այն կողմ իրավունք չունի խառնվել այդ հարցին:
Ու հանդերձարանում էլ, որտեղ պնդում են, որ ոչ ոք անձեռնմխելի չէ, տարբեր ֆուտբոլիստներ կարծում են, որ Մոուրինյոն օգտագործել է Կասիլյասին պահեստայինների նստարանին նստեցնելու շանսը թիմին անհրաժեշտ ուղի վերադարձնելու համար, ու դա պարզապես տակտիկական որոշում է՝ Ադանին խոստացված խաղաժամանակը տրամադրելու համար: Ամռանը, երբ Ադանը ցանկանում էր փոխել ակումբը ու նոր թիմ էր փնտրում, Մոուրինյոն համոզեց նրան մնալ՝ խոստանալով խաղաժամանակ տրամադրել, հատկապես՝ արքայական գավաթի խաղարկությունում:












































