Սիրիայում Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռակկայի ճանապարհին շուրջ երկու շաբաթ առաջ առևանգված երեք հայերն ազատ են արձակվել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նրանք ողջ-առողջ վերադարձել են տուն: Ինչ վերաբերում է 2012թ.-ի հոկտեմբերի վերջին Բեյրութից Հալեպ տանող ճանապարհին առևանգված հայերին, ապա նրանց վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Ռեյիսյանը նաև տեղեկացրել է, որ Հալեպում, ընդհանուր առմամբ, տոն օրերին միջադեպեր տեղի չեն ունեցել, իրավիճակն ավելի հանգիստ է եղել: Տոնական տրամադրություն չի եղել որևէ ընտանիքում, միայն տեղի է ունեցել եկեղեցական արարողություն: Հանդարտ իրավիճակը շարունակվում է նաև հունվարի 8-ին, չնայած որ համացանց չկա և հեռախոսակապն անկանոն է գործում, եղանակն անձրևային է, էլեկտրականությունն օրվա ընթացքում մեկ-երկու ժամ է լինում, իսկ կեսօրից հետո քաղաքն ընկղմվում է ամայության և խավարի մեջ:
Թեպետ Հալեպում մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, այնուամենայնիվ, մամուլի քարտուղարի խոսքով, լարված և անորոշ իրավիճակը շարունակվում է: Դրան զուգահեռ մարդիկ դրական փոփոխությունների հույս ունեն:
Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:










































