ՀՀ նախագահի բոլոր թեկնածուները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, մի փոքր հետաքրքրություն, կոլորիտ երանգավորում ավելացնելու ընտրապայքարին, դա իրենց իրավունքն է, և դա պետք է հարգել առանց հեգնանքի, երկմտանքի ու ենթատեքստի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ ՀՀ նախագահի թեկնածուները շատ հետաքրքիր ֆոն կներկայացնեն երկու Հայաստանների միջև այս պայքարի համար: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց, որ հարգում է Հրանտ Բագրատյանին և Պարույր Հայրիկյանին, ովքեր ՀՀ պետականության ձևավորման ակունքներում կանգնած են եղել: «ՀՀ նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանն ապագա Հայաստանի հանրային ծառայության մեջ իրենց տեղը պետք է ունենան: Նրանք արժանի մրցակիցներ են ՀՀ գործող նախագահին և ինձ»,- հստակեցրեց Րաֆիի Հովհաննիսյանը:






































