Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստները շատ բարձր են գնահատում իրենց գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին:
Նրանցից շատերը միաձայն արտահայտվում են մասնագետի պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակահարմարության մասին: Հայնկեսի` «Բավարիա»-ի հետ պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Շատ ափսոս կլինի, եթե Հայնկեսը լքի «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մեր մարզիչը վստահում է մեզ, շատ ճշտապահ է շփման մեջ, կատակասեր: Բացի այդ, նա մեծ աշխատանք է տանում մեզ հետ: Այնպես որ` մենք գոհ ենք նրանից»,- ասել է ակումբի հարձակվող Ֆրանկ Ռիբերին:
Հիշեցնենք` ավելի վաղ գերմանական գրանդի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ կզբաղվի Հայնկեսի պայմանագրի հարցով ձմեռային դադարից հետո:








































