Չիլիի մի շարք բնապահպանական կազմակերպություններ հունվարի 7-ին միջնորդագիր են ներկայացրել Սանտյագո-դե-Չիլիի դատարան՝ պահանջելով փոխել «Դաքար» ավտոարշավի մարաթոնի երթուղին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Բնապահպանները հանդես են գալիս ավտոարշավի՝ Ատակամա անապատի հնագիտական գոտիներով անցկացման դեմ, ինչը, ըստ նրանց, կարող է ռիսկի ենթարկել երկրի ժառանգությունը:
Հայց է ներկայացվել Չիլիի սպորտի նախարարի տեղակալ Գաբրիել Ռուիս-Տագլեի դեմ, որը պատասխանատու է ազգային տարածքում ավտոարշավի անցկացման համար:
««Դաքարին» մասնակցում են մոտոցիկլետներ, բեռնատարներ ու կվադրոցիկլներ, որոնք նվազագույնը 200 մետրանոց հետք են թողնում՝ փոշու վերածելով բոլոր հնագիտական հետքերը»,- հայտարարել է հայցը ներկայացրած կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Լուիս Ռենդոնը:
Ավտոարշավը կավարտվի հունվարի վերջին` Չիլիի մայրաղաքաքում, նախագահական պալատի մոտ: Դրա ընդհանուր երկարությունը 8000 կմ է, որն անցնում է Պերուով, Արգենտինայով ու Չիլիով:









































