«Այդ 8 միլիոն ընտրագրավ վճարելը ամրագրված է Ընտրական օրենսգրքով, բայց դա հակասում է Սահմանադրությանը. ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում վճարել ընտրագրավը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածու, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
«Պետք է այդ օրենքները համապատասխանեցնել Սահմանադրությանը, ոչ թե Սահմանադրությունը` օրենքներին: Եթե Սահմանադրության մեջ ասվում է, որ ցանկացած կրոնական, սոցիալական և ռասայական խավի ներկայացուցիչ լիարժեքորեն իրավունք ունի առաջադրվելու, ուստի դա օրենքի կոպիտ խախտում է. այդ կերպ պարզապես մարդուց դրամ են շորթում: Սա փաստացի հանցագործություն է. սրանով մենք անդրադարձ ենք կատարում նախկին ընտրություններին, այսինքն` Քոչարյանի ժամանակահատվածին, որովհետև տվյալ ժամանակահատվածում Քոչարյանը չուներ 10 տարվա քաղաքացիություն: Լևոնն էլ, լինելով հանրապետության նախագահ, թույլ տվեց նրա մասնակցությունը՝ խախտելով սահմանադրական կարգը և հիմք դնելով անօրինական որոշման, որը պետական հանցագործություն է, այսինքն` իշխանության զավթում:
Ես արդեն պատրաստել եմ բողոքը և սպասում եմ, որ իմ թեկնածությունը վերջնականապես չգրանցեն, որպեսզի մինչև միջազգային դատարաններ բողոքեմ: Սա խտրականություն է, մեր իշխանությունները խախտում են ժողովրդական սկզբունքները, սահմանադրական նորմը, իսկ միջազգային ատյանները՝ եթե տվյալ պահին սրան ականատես են լինում և որևէ կերպ չեն արձագանքում, ուրեմն նրանք էլ են մասնակից այս հանցագործությանը: Ես ոչ մի դեպքում 8 միլիոնը չեմ վճարելու»,- ասաց Ռոբերտ Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ը մինչ այս պահը թեկնածուին չի գրանցել՝ 8 միլիոն դրամ ընտրագրավը չվճարելու պատճառով: Վճարելու և որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար Ռոբերտ Սիմոնյանն ունի 48 ժամ:










































