Ամերիկյան վարչակազմը Սիրիայում ճգնաժամի կարգավորման Ասադի պլանը համարում է իշխանության պահպանման նոր փորձ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Երեկ Դամասկոսում Ասադը 7 ամսվա մեջ առաջին անգամ իր կողմնակիցների առջև հանդես է եկել հրապարակային ելույթով՝ առաջարկելով ճգնաժամը կարգավորել ընտրությունների անցկացմամբ: Ըստ այդ ծրագրի՝ քվեարկությունը պետք է կազմակերպի կոալիցիոն կառավարությունը, որը կձևավորվի համապարփակ ազգային երկխոսության արդյունքներով:
Սիրիայում կհայտարարվի նաև համաներում, կպատրաստվի և հանրաքվեի կդրվի Ազգային խարտիան, որը կերաշխավորի երկրի միասնությունն ու քաղաքացիական համաձայնությունը:
Անցումային շրջանի իրականացման մեկնարկի կարևորագույն պայմանը Ասադն անվանել է «զինված խմբավորումներին միջազգային և տարածաշրջանային աջակցության դադարեցումը»:
Սիրիացի ընդդիմադիրների և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի փոխնախագահ Սուհեյր Ալ-Ատասին մերժել է Ասադի պլանը՝ նշելով, որ դա ժամանակ շահելու քաղաքական մանևր է:
Նուլանդը հայտնել է, որ Ասադի պլանը չի արտահայտում սիրիացի ժողովրդի նպատակը, այն է` փոխանցել քաղաքական իշխանությունը: Այդ նախաձեռնությունները, նրա խոսքով, կտրված են իրականությունից և թուլացնում են հակամարտության կարգավորմանն ուղղված` ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմիի ջանքերը, դրանք ռեժիմին թույլ են տալիս շարունակել սիրիացի ժողովրդի արյունոտ ճնշումը:
Նուլանդն ընդգծել է, որ Ասադի ռեժիմը արդեն երկու տարի է` ծաղրում է սեփական ժողովրդին: Նա ևս մեկ անգամ կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, համաձայն որի՝ Սիրիայի նախագահը կորցրել է լեգիտիմությունն ու պետք է հեռանա:
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի իր ջանքերը սիրիական խնդրին քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գնահատականով՝ Բաշար Ասադն իր նոր նախաձեռնությամբ կրկնում է նախկին` չիրականացված խոստումները: «Մուսուլման եղբայրների» կարծիքով էլ՝ «Ասադը ոչ մի նոր բան չի ասել` հաստատելով այն, որ եղել և մնում է ռազմական հանցագործ, որին պետք է դատարանին հանձնել»:










































