Լիբիայի արտաքին գործերի նախարար Մուսա Քուսան երեկ ժամանել է մեծ Բրիտանիա, որտեղ քաղաքական ապաստարան է խնդրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ նրա ընկեր Նորման Բենոթմանի՝ նախարարը լքել է կառավարությունը և երկիրը Մուամար Քադաֆիի կողմից խաղաղ բնակչության դեմ բռնություններ կիրառելու պատճառով: France Presse գործակալությունը հաղորդում է, որ Մուսա Քուսան այստեղ է ժամանել Թունիսից:
«Նա ամենևին էլ երջանիկ չէ և չի պաշտպանում կառավարական զորքերի հարձակումը խաղաղ բնակչության վրա»,- ասել է Բենոթմանը: Լուրը հաստատել են նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում` նշելով, որ Քուսան «գործել է իր կամքով»:
Տարօրինակ է, բայց «Քադաֆիի գործողություններից դժգոհ» չինովնիկը մինչև վերջերս կոչ էր անում Արևմուտքին չմիջամտել երկրի ներքին գործերին: Եվ հանկարծ գիտակցում է, որ իրականում Քադաֆին սպանում է խաղաղ բնակչությանը:
Անշուշտ, Քուսայի հեռանալը Քադաֆիի ճամբարից մեծ հարված կլինի Լիբիայի առաջնորդին, քանի որ արտգործնախարարը առանցքային դեր ուներ ռեժիմի համար: Մուսա Քուսայի շնորհիվ էր, որ Լիբիան դուրս եկավ միջազգային շրջափակումից, որում գտնվում էր շատ երկար ժամանակ:









































