ԱՄՆ-ը ներկայում Սիրիայում զբաղված է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ պայքարով և չի փորձում միջամտել ներքին իրավիճակին: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Սիրիայի հետ կապված իրավիճակում մենք կենտրոնանում ենք ոչ թե այնտեղ ամբողջ իրավիճակը (սիրիական ամբողջ հակամարտությունը) հարթելու, այլ այն շրջանները մեկուսացնելու վրա, որտեղ գործում է ԴԱԻՇ-ը… Առանձին հարց է սիրիական չափավոր ընդդիմության հետ համագործակցությունը, որը կարող է մեր գործընկերը լինել «ցամաքում»»,- ասել է Օբաման:
Նա համաձայնել է, որ սիրիական ընդդիմությունը այժմ մասնատված է՝ «մեկը մյուսի դեմ են պայքարում»:
«Մեր նպատակն է հիմնական խումբ գտնել, որի հետ մենք (ԱՄՆ) կկարողանանք հետագայում համագործակցել և վստահ կլինենք, որ նրա օգնությամբ կկարողանանք տարածքը հետ նվաճել ԴԱԻՇ-ից և հետո արդեն նրա հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես պատասխանատու կողմի, ապագայում արդեն պոտենցիալ քաղաքական երկխոսության շրջանակներում»,- ասել է Օբաման:










































