ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհի Մեմի Ռիարդենը մահացել է 115 տարեկանում: Այս մասին հաղորդել է նրա դուստրը` Սառա Ռիարդենը:
Նրա մայրը համարվել է աշխարհի սևամորթ բնակչության ամենատարեց ներկայացուցիչը:
Գրեթե երեք շաբաթ առաջ Հարավային Կարոլինա նահանգում բնակվող Ռիարդենը ընկել և կոտրել էր ազդրը` հայտնվելով Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ հունվարի 2-ին մահացել է:
Ռիարդենը ծնվել է 1898թ.-ի սեպտեմբերի 7-ին: 1918թ.-ին աշխատել է որպես ուսուցչուհի, 1919թ.-ին ամուսնացել է: Նա ունեցել է 11 երեխա: Ավագ դուստրը մահացել է 2009թ.-ին` 92 տարեկանում:
Գինեսի ռեկորդների գիրքը գրեթե 3 շաբաթ առաջ Մեմիին ճանաչել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակիչը: Նրանից առաջ մոլորակի ամենատարեց մարդու տիտղոսն էր վայելում անցած տարվա դեկտեմբերի 17-ին մահացած` իտալական ծագումով 115-ամյա ամերիկուհի Դինա Մանֆրեդին:
ԱՄՆ-ում ամենաերկարակյաց մարդու տիտղոսը այժմ կրում է 1899թ.-ի ապրիլի 5-ին ծնված Էլսի Թոմփսոնը` Ֆլորիդա նահանգից:










































