«Սանթոս»-ի նախագահ Մաուրիսիու Ռամալյոն հայտարարել է, որ ակումբը պատրաստ է ձեռք բերել «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոյի իրավունքները, սակայն նրա տրանսֆերային արժեքն ու պահանջվող աշխատավարձի չափը շատ բարձր են:
«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին բանակցություններ է վարել «Սանթոս»-ի ղեկավարների հետ բրազիլացի հարձակվողի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն կողմերը համաձայնության չեն եկել տրանսֆերային արժեքի հարցում:
Ռոբինյոյի տրանսֆերի դիմաց «Սանթոս»-ը պատրաստ է 7 մլն եվրո վճարել, մինչդեռ «ռոսսոներիներ»-ը ցանկանում են ստանալ 10 մլն: Ենթադրվում է, որ ակումբները համաձայնության կգան, եթե տրանսֆերային գործարքում ներառվի «Սանթոս»-ի 19-ամյա կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը:
«Ռոբինյոյի տրանսֆերի արժեքն ու նրա պահանջած աշխատավարձի չափն իսկապես շատ բարձր են մեզ համար: Մենք լավատեսորեն ենք տրամադրված և հուսով ենք, որ տրանսֆերային գործարքն այնուամենայնիվ կկայանա: Բանակցությունները դեռևս ավարտված չեն, սակայն շատ բարդ են ընթանում»,- Ռամալյոյի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:








































