«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին աջակցել է «ռոսսոներիներ»-ի կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգին, ում ռասիստական բնույթի վիրավորանքներ էին հասցրել «Պրո Պատրիա» ակումբի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Բուստո-Արսիցիո քաղաքում մրցակցի խաղադաշտում ընթացող խաղը «Միլան»-ն ընդհատեց 26-րդ րոպեին:
««Միլան»-ը կրկին կլքի խաղադաշտը` անկախ խաղի կամ մրցաշարի կարգավիճակից, եթե նման անթույլատրելի երևույթ կրկնվի: Ես խոսել եմ Բոատենգի հետ և շնորհավորել նրան` ստեղծված իրավիճակում իրեն ճիշտ դրսևորելու կապակցությամբ:
Ռասիստական դրսևորումները սկսել են հաճախ հնչել և վիրավորում են ֆուտբոլն ու սպորտը: Այսպես կոչված` երկրպագուների որոշակի խմբի այս անշնորհք պահվածքը վիրավորանք է ոչ միայն մարզիկների, այլև ակումբների և երկրպագուների մեծամասնության համար»,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները:








































