Ավստրալիայում` Թասմանիա նահանգում, բռնկված անտառային հրդեհների պատճառով կացարանից զրկվել են հազարավոր մարդիկ: Չհաստատված տվյալներով` մահացել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Agence Frence-Presse-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Թասմանիայի հարավ-արևելքում բռնկված հրդեհների պատճառը շոգ եղանակն է. ուրբաթ ջերմաստիճանը հասել է 41.8°C -ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1883թ.-ից հետո: Կրակը փակել է Հոբարթ քաղաք տանող միակ ճանապարհը, որտեղ ժամանակավոր կացարաններ և օգնության կետեր էին ստեղծվել տուժածների համար: Ոստիկանությունը լաստանավերով տարհանել է շուրջ 1000 մարդու: Ավելի քան 2000 տուժածների հասցրել են Նուբեենա քաղաք, իսկ առնվազն 700 մարդ գտնվում է Փորթ Արթուր քաղաքում:
Զոհերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Սակայն ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ հրշեջները տեսել են մի տղամարդու, որը փորձել է հանգցնել իր տան հրդեհը, սակայն չեն կարողացել օգնություն ցուցաբերել նրան, քանի որ իրենց մեքենան շրջափակված է եղել կրակով, և չափազանց վտանգավոր է եղել առաջ շարժվելը:
Անտառային հրդեհները շարունակվում են նաև մայրցամաքում. հրդեհի դեպքեր են գրանցվել Հարավային Ավստրալիա, Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգներում:
Օդերևութաբանների կանխատեսումներով` շոգ եղանակը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա կես:








































