Բրազիլիայի Պասա-Սեթի քաղաքի նոր քաղաքապետ Վանդերլեյ Բատիստային կդատապարտեն այն բանի համար, որ նա իր երդմնակալության արարողությանն էշով է գնացել: Դատավորը նրան, հավանաբար, կտուգանի 250 դոլարով:
Բատիստան էշի կերպարն օգտագործել էր դեռ նախընտրական արշավի ժամանակ: Ամեն բան սկսվել է նրանից, որ մցակիցներից մեկը նրան մեղադրել է կոպտության համար՝ անվանելով burro, որը պորտուգալերեն նշանակում է «էշ» և «հիմար»: Բատիստան ոչ թե նեղացել է, այլ ընդհակառակը՝ էշը դարձրել է իր նախընտրական արշավի խորհրդանիշը: Քաղաքական գործիչը կենդանու պատկերով շապիկներ է թողարկել, խոստացել է քաղաքապետարան գալ էշով, եթե հաղթի ընտրություններում:
Երդմնակալությունը տեղի է ունեցել հունվարի մեկին: Նախօրեին դատավորը Բատիստային նախազգուշացրել է, որ նրան կտուգանի, եթե նա կատարի իր խոստումը: Բայց երբ քաղաքապետն էշով անցել է ամբողջ քաղաքով, ոչ ոք չի փորձել կանգնեցնել նրան։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը:
Դատավորը պահանջել է քաղաքապետի դեմ դատական գործ հարուցել՝ նրան մեղադրելով կարգը խախտելու մեջ: Նրա խոսքերով՝ էշով երթևեկությունն անարգանք է ժողովրդավարության հանդեպ։









































