Մարտի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ»: Իսկ մարտի 24-ին ՀԱԿ-ը հայտարարությամբ դիմեց բոլորին՝ կոչ անելով նախապատրաստվել ապրիլի 8-ի հանրահավաքին և հանդես գալ այդ օրվա անելիքների վերաբերյալ առաջարկներով:
Արձագանքելով այս երկու հայտարարություններին` առաջարկում ենք հետևյալը. հստակեցնել և հանրայնացնել ակնկալվող առաջարկների քննարկման, ընդունման ու հրապարակման սկզբունքները և մեխանիզմները` ոչ միայն առաջիկա հանարահավաքի անելիքների պարագայում, այլև այսուհետ: Այսպիսով, Համաքաղաքացիական շարժման մասնակիցները կկարողանան ժողովրդավարական հիմունքներով ներգրավվել որոշումների կայացման գործընթացին: Համոզված ենք, որ միայն թափանցիկ, բաց, ժողովրդավարական գործելաոճը ի վիճակի կլինի ապահովել կայացվելիք որոշումների օրինականությունը և կհզորացնի Շարժումը։
30-ը մարտի, 2011թ.