Տոնական օրերին ոչ մի ոչ սթափ վարորդ չի ներվելու, կազմվելու է համապատասխան արձանագրություն, վարչական պատասխանատվության են ենթարկվելու: Սակայն ճանապարհային ոստիկանությունը բարի կամք է դրսևորելու, նրանց ավտոմեքենաները տուգանային հրապարակ չեն տարվելու: Այս մասին լրագրողներին հայտնեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազեցնելու համար: Ըստ նրա՝ հուրախություն բոլորի, տարին կամփոփեն 15-ով պակաս զոհով:
«Դեռևս երեք օր ունենք տարին ամփոփելու, բայց իրավիճակն այնպիսին է, որ մենք հաստատ հույս ունենք՝ տարեվերջը կամփոփենք տասնհինգ մինուս զոհով, այսինքն՝ տասնհինգ մարդ ՀՀ-ում, շնորհիվ բոլորիս, չմահացավ: Սա այն ցուցանիշն է, որով պետք է գնահատական տալ կատարվող աշխատանքներով:
Բոլորիս աչքի առջև ունենք ևս մեկ դրական ցուցանիշ՝ կապված երթևեկության կուլտուրայի բարձրացման հետ: Որոշակիորն դրական աճ ունենք երթևեկության կուլտուրայի բարձրացման հարցում՝ կապված նոր տեխնիկական միջոցների, նոր սարքավորումների ներդրման հետ»,- մանրամասնեց Նորիկ Սարգսյանը:
Նա ցավով նշեց, որ նախորդ երկու տարիներին Ամանորյա օրերին՝ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, տխուր վիճակագրություն է արձանագրվել՝ 5-ական զոհ: Նա կրկին անգամ հորդորեց, պահանջեց, որ վարորդները ղեկին լինեն միմիայն սթափ վիճակում, ավելորդ շտապողականություն չցուցաբերեն, չփորձեն վարելը վերածել խրախճանքի:
«Ոչ սթափ ոչ մի վարորդ չի մնալու առանց պատժի: Մենք կարծում ենք, որ ավելի լավ է ոգելից խմիչք օգտագործած վարորդի օրը խաթարվի ոստիկանին հանդիպելով, նրա կողմից կազմված արձանագրությամբ, քան թե նրա օրն ավարտվի դժբախտ պատահարներով: Այս կոչը բոլորը պետք է հասկանան և գիտակցեն»,- հորդորեց Նորիկ Սարգսյանը:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 27-ը ճանաչվել է վթարայնությամբ ամենաանբարենպաստ օրը ամսվա մեջ: «Միայն այդ օրն է, որ մենք հանրապետությունում ունեցել ենք 10 պատահար 4 զոհով»,- նկատեց Նորիկ Սարգսյանը:










































