Շուրջ 1 մլն զբոսաշրջիկներ և տեղացիներ Նոր տարին կդիմավորեն աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Դուբայի 828 մետրանոց «Բուրջ Խալիֆա» աշտարակի մոտ: Այս մասին հայտնում է «Ալ-Խալիջ» թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ Դուբայի իշխանությունները մտադիր են այցելուներին զվարճացնել աննախադեպ բարձրության վրա լայնածավալ հրավառությամբ: Մոտակայքում գտնվող հյուրանոցներում ու ռեստորաններում ամանորյա գիշերվա համար այլևս ազատ տեղ չի մնացել:
Կազմակերպիչները հույս ունեն, որ «Բուրջ Խալիֆան» կդառնա Նոր տարին դիմավորելու ավանդական վայր, նույնքան հայտնի, որքան Փարիզի Էյֆելյան աշտարակը, Սիդնեյի Օպերային թատրոնն ու Նյու Յորքի Թայմս Սքուերը: Փորձագետների հաշվարկով՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ ամանորյա գիշերը Դուբայում կծախսի միջինը 550-1650 դոլար:
Դուբայը ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է Մերձավոր Արևելքում: Նախնական տվյալներով` 2012-ին այդ էմիրություն է այցելել ավելի քան 10 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ:










































