«Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը երկրում նոր իրավիճակ ստեղծեց: Ոմանք եզրակացրին, որ ավարտվեց Տեր-Պետրոսյանի էպոխան: Այո, քաղաքագետներն ու պատմաբանները դեռ կտան այդ էպոխայի գնահատականը և արժանին կմատուցեն ՀՀ առաջին նախագահի ֆենոմենալ անձին ու մեր երկրի պատմության մեջ խաղացած անուրանալի դերին: Բայց այսօր դեռ պատմագիտական գնահատականներ տալու ժամանակը չէ: Այսօր երկրում կատարյալ շփոթ է ու ապագայի նկատմամբ թերահավատություն: Միակ բանը, ինչում կարելի է մեղադրել ՀԱԿ առաջնորդին, իր որոշման մասին հայտարարությունը աններելիորեն ուշացնելն է»,- գրում է «Հրապարակ»-ը խմբագրականում և հավելում.
«Եթե այս հայտարարությունը հնչեր ամիսներ առաջ, ընդդիմության դաշտում այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ: Որքան էլ թույլ ու ֆինանսապես տկար, որքան էլ անմիաբան ու պառակտված, այդ դաշտն իր մեջ ուժ կգտներ համախմբվելու և ՀՀ նախագահի 2013-ի ընտրություններին ուղղված միասնական որոշում կայացնելու համար: Եթե այս առումով գնահատելու լինենք ԲՀԿ-ՀԱԿ «սիրախաղերն» ու «Գագիկ Ծառուկյան-նախագահի թեկնածու» նախագիծը, այն այդքան էլ անմեղ չէր և իր բացասական հետևանքն ունեցավ Երկրի ու մեր քաղաքական դաշտի համար: Այս պարագայում, որքան էլ ցավալի է, «քցվածներից» մեկն էլ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ով, ինչպես այն 450 հազար ընտրողները, նույնպես հավատաց ԲՀԿ-ի՝ իշխանությունից ընդդիմություն անցումի անկեղծությանը և կարծեց, թե կարող է կրկնվել 1998-ի ֆենոմենը՝ երբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան դաշինքն ըստ էության իշխանափոխություն արեց երկրում: Այսօր մեր քաղաքական դաշտն ավելի ամայի է, քան 1999-ի ոճրագործությունից հետո: Եվ եթե 2003-ին արդեն ընդդիմությունն ուներ անցողիկ թեկնածու՝ հանձին Ստեփան Դեմիրճյանի, ապա այսօր անգամ ՀԱԿ-ը միասնական չէ նախագահի թեկնածուի հարցում»:








































