Վրաստանը սկսել է ցիտրուսային մրգեր ուղարկել ռուսական շուկա: Մատակարարումներն իրականացվում են Բելառուսի տարածքով: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Կիրվալիձեին:
Նրա խոսքերով` առաջին կոնտեյներն արդեն ժամանել է Ռուսաստան և այս շաբաթ ցիտրուսային մրգերով բեռնված ևս երկու կոնտեյներ կարող է ուղարկվել այնտեղ:
Բացի այդ, նախարարը նշել է, որ այս շաբաթ նախատեսվում է խորհրդատվական հանդիպում գինեգործների հետ` ռուսական շուկայում վրացական գինու սահմանափակումը հանելու հարցը քննարկելու համար:
Նախօրեին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ վերջերս վրացիները մանդարին են ուղարկել Ռուսաստան: «Տեսնենք, թե ինչ կլինի դրանց հետ»,-ասել է վարչապետը` ակնարկելով, որ եթե բեռն անցնի սահմանը, ապա Թբիլիսին դա կընդունի որպես դրական ազդանշան Մոսկվայի կողմից:









































