ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել ավելի քան 3 շաբաթ շրջափակման մեջ գտնվող սիրիական Քոբանի (Այն-ալ-Արաբ) քաղաքի վարչական շրջանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դաժան ու տևական մարտերից հետո իսլամիստներին հաջողվել է գրավել բնակավայրի տարածքի մոտ 40%-ը: Ծայրահեղականների բռնազավթված շրջանում գտնվում են քրդական վարչակազմի հիմնական շենքերը, ոստիկանական բաժանմունքը, մի քանի հսկիչ-անցակետ և բանտ:
«Ջիհադիստները վերահսկողություն են սահմանել շենքերի վրա, որոնք զբաղեցնում էին քուրդ աշխարհազորայինները և քաղաքացիական իշխանությունների ներկայացուցիչները»,- հաստատել են Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնի աշխատակիցները:









































