Ժայռապատկերները Եվրոպայում և Ասիայում երևան են եկել մոտավորապես նույն ժամանակաշրջանում։
Այսպիսի եզրակացության է հանգել ավստրալացի ու ինդոնեզացի գիտնականների խումբը Սուլավեսի (Ինդոնեզիա) կարստային քարանձավներում նկարներն ուսումնասիրելուց հետո, հաղորդում է AFP–ն։
«Նախկինում ընդունված էր համարել, որ ժայռապատկերները Եվրոպայում ծնվել են մոտավորապես 40 հազար տարի առաջ։ Առավել հին հուշարձաններ են հայտնաբերվել Ֆրանսիայում և Իսպանիայում,- նշում է հետազոտության մասնակից Մաքսիմ Օբերը։- Այժմ Սուլավեսի ժայռապատկերների ուսումնասիրությունը խոսում է այն մասին, որ դրանք արվել են մոտավորապես այդ նույն ժամանակաշրջանում»։
Ներկայումս արվեստի ամենահին հուշարձան է համարվում Իսպանիայի հյուսիսում գտնվող Էլ Կաստիլիո նախապատմական քարանձավը։ Նրա պատերին արված է բազմագույն նկարչություն, որը թվագրվում է ուշ պալեոլիթի դարաշրջանով։








































