ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհները չեղյալ է հայտարարել ծրագրված քվեարկությունը Հանրապետական կուսակցության առաջարկած օրինագծի վերաբերյալ, որը նախատեսում է հարկային վճարումների սահմանափակում այն մարդկանց համար, ովքեր տարեկան աշխատում են 1 մլն դոլարից ավելի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նա խոստովանել է, որ օրինագծի կողմնակիցները Կոնգրեսում այն ընդունելու համար ձայների բավարար քանակ չունեն:
Ավելի վաղ Ջոն Բոհները հայտարարել էր, որ հարուստների համար հարկերի բարձրացման դեմոկրատների առաջարկը չի կարելի լուրջ ընդունել:
Հարկային օրինագիծը մշակվել է հանրապետականների կողմից՝ կանխելու համար այսպես կոչված «ֆիսակալ ճեղքվածքը»՝ իրավիճակ, որը սպասվում է հունվարի 1-ին՝ պետական ծախսերի միաժամանակյա կրճատման և հարկերի բարձրացման արդյունքում, որը կարող է ամերիկյան տնտեսությունը նոր ռեցեսիայի ուղու վրա կանգնեցնել:
«Ֆիսկալ ճեղքվածքի» վերաբերյալ բանակցությունները Կոնգրեսում հետաձգվել են մինչև Սուրբծննդյան տոների ավարտը:







































