ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ հույս ունի շուտ կոմպրոմիսի հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ, որպեսզի սիրիական հակամարտության կարգավորման համար սկսվի քաղաքական գործընթացը,- հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
«Շատ երկրներ ներկա դրությամբ քննարկում են նախագահ Բաշար Ալ-Ասադի ապագան: Ես կարծում եմ՝ այդ հարցը կլուծվի բանակցությունների միջոցով որքան հնարավոր է՝ արագ»,- ասել է Պան Գի Մունը 2012 թ. արդյունքները ամփոփելու մամլո ասուլիսի ժամանակ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է վերջերս ստեղծված ընդդիմության կոալիցիոն ուժը՝ նշելով, որ դա ծայրահեղ կարևոր է քաղաքական բանակցություններ սկսելու համար:
«Հիմա երկու կողմներն էլ պետք է հասկանան, որ Սիրիայում խնդրի ռազմական լուծում գոյություն չունի, և որ ճգնաժամը անհրաժեշտ է հաղթահարել քաղաքական երկխոսության միջոցով»,- ասել է նա:
Սիրիայում հակամարտությունը չի դադարում 2011 թ. մարտից: Եղած տվյալների համաձայն՝ այդ ընթացքում զոհվել է 30 հազար մարդ:







































