«Փարավոն» ռեստորանային համալիրում այսօր կայացավ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը: «Առաջին լրատվական»-ը համագումարից հետո զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ:
–Պարոն Գևորգյան, քանի՞ անդամ ունի նորաստեղծ միությունը:
–5216:
– Այսինքն՝ ավելի շատ, քան նախատեսո՞ւմ էիք, սկզբում ասում էիք՝ 4500:
-Դե մենք դեռ հանդիպումներ ունեինք տարածաշրջաններում, երևի դուք դա լսել եք մինչև դա, մինչև ըստ տարածաշրջանների ենք թվարկել, դրանից հետո մենք էլի հանդիպումներ ունեցանք:
–Իսկ ինչո՞ւ չհամախմբվել Երկրապահի շուրջ:
-Չեմ ուզում խոսել Երկրապահից, սա առանձնահատուկ կազմակերպություն է, երևի Աստծո կողմից ստացվեց, համալրված է միմիայն առաջին գծում կռված ազատամարտիկներով: Դրա համար սա ինքնատիպ կառույց է, բավականին ազատամատիկներ դուք տեսաք, որ նրանք բոլորը դուրս էին մնացել թե՛ Երկրապահից, թե՛ մյուս կազմակերպություններից, բոլորն այն տղաներն էին, որոնք աչքաթող էին եղել, բայց հատկապես նրանք էին, որոնք իսկապես առաջին գծում են կռվել: Ես չեմ ասում, որ ամբողջն իրենք են պայքարել ժողովրդի համար, համենայնդեպս, մյուս կազմակերպություններն էլ կան առաջին գծում, բայց սա ամենաբուն կազմակերպությունն է առաջին գծում կռվող տղաների համար, նրանցով համալրված «Երդվյալ ազատամարտիկների միությունն» է:
–Արդյոք սա չի՞ տրոհում ազատամարտիկների համայնքը:
-Ընդհակառակը՝ սա առաջին քայլն է, որը միավորեց: Դուք լսեցիք, որ միավորվել են 8 ռազմահայրենասիրական կազմակերպություններ, սա արդեն միավորում է, ոչ թե տրոհում, իսկ մեր երկրում քաջ գիտակցում ենք և բոլորս տեսել ենք, երբ ստեղծվել է մեկը, նրա կողքից մի տասը ավելացել են: Իսկ սա նմանատիպներին, հայրենական ոգով տոգորված բոլոր տղաներին, մոտ ութ-ինը կազմակերպությունների համալրեց «Երդվյալ ազատամարտիկների միության» կազմում:
–Իսկ ինչո՞ւ «Փարավոնում» համագումար անել, մի տեսակ անհեթեթ չէ՞ այս շքեղության ֆոնին խոսել ազատամարտիկների խնդիրների մասին:
-Մեր ազատամարտիկները վերջին 20 տարում իրավունք ունեին հրճվեին, լիաթոք տեսնեին և հանդիպեին, և դա պարգևեց այն մարդը, որ բազում մարդկանց է դա պարգևել:
–Գագիկ Ծառուկյանը…
-Այո՛, Գագիկ Ծառուկյանը, ինչու պիտի հրաժարվեմ:
–Նա Ձեզ համար հեղինակությո՞ւն է:
-Նա երևի թե ամբողջ հայ ազգի համար է հեղինակություն, որովհետև նա տոգորված է այն Աստծո կամքով, այն արյան գործակիցը ունի իր երակներում, որ ամեն քայլափոխի տեսնում ենք նրա բարերարությունը: Մեզ երկիրը, պետությունը երբևիցե տեղ չհատկացրեց, դրա մասին ես հայտարարություն եմ տարածել, փակվեցին բոլոր պետական դռները, բոլոր պետական, բոլոր մշակութային շենքերը, բոլորը փակվեցին մեր առաջ, և վերջապես մենք որոշել էինք համագումարը անել Ազատության հրապարակում կամ կենտրոնական հրապարակում, ես էլի եմ ասում՝Ծառուկյանը համոզեց, ասեց՝ անհարմար է երկրի համար կռվող տղերքը էսօր փողոցում անեն, դա չեմ հանդուրժի, ինքը համոզելով ասաց՝ կարող եմ տրամադրել, և պատշաճ ձևով իրականացնենք: Եվ մենք խորին շնորհակալություն ենք հայտնում այն մեծ բարերարին՝ Գագիկ Ծառուկյանին, մեծ քաղաքական գործչին, որ այս հնարավորությունը ստանձնեց:
– Այդ դեպքում, ո՞վ է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, շարունակ փառաբանում եք Գագիկ Ծառուկյանին:
– Գագիկ Ծառուկյանին փառաբանում եմ ոչ թե որպես գերագույն հրամանատար երկրի, այլ մարդ, ով ձեռք մեկնեց մեզ էս համագումարը իրականացնելու համար: Մեզ համար շատ ցանկալի կիլիներ՝ գերագույն հրամանատարի աթոռը, որ սպասում էր իրեն, դատարկ չմնար:
Ավելին՝ տեսանյութում:









































