Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Աշխատանքի պետական տեսչության 2011թ.-ին իրականացրած` ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում արձանագրվել է, որ 2009թ. հունվարից մինչև 2011թ. նոյեմբերը ներառյալ թատրոնի` թվով 82 աշխատողների չի վճարվել 354 հազար 728 դրամ աշխատավարձ:
Նշված իրավախախտման համար թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` չվճարած աշխատավարձի 1/4-ի չափով` 88 հազար 682 դրամի վարչական տուգանք:
Վարչական իրավախախտման մասին արձանագրության համաձայն` նախատոնական օրերին` հունվարի 27, մարտի 7, մայիսի 27, սեպտեմբերի 20, աշխատաժամանակը չի կրճատվել 1 ժամով, որի հետևանքով չի վճարվել 155 հազար 200 դրամ աշխատավարձ: Բեմադրիչ ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանի աշխատավարձը իջեցվել է 9000 դրամով, որի պատճառով չի վճարվել 36 հազար դրամ: Գիշերային հերթափոխով աշխատող պահակներին պակաս է հաշվարկվել և չի վճարվել 82 հազար 680 դրամ աշխատավարձ: Տոնական և հիշատակի օրերին կատարած աշխատանքի դիմաց պահակներին չի վճարվել կրկնակի` ընդհանուր 80 հազար 848 դրամ աշխատավարձ:









































