Համաշխարհային բանկը որոշել է Իրաքին 900 մլն դոլար տրամադրել սոցիալ-տնտեսական նախագծերի զարգացման համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով բանկի մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը:
Այդ ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար և իրենից ներկայացնում է «բանկի և Իրաքի կառավարության միջև համագործակցության առաջին լիարժեք ռազմավարությունը»: Այն ուղղված է նոր աշխատատեղեր ստեղծելու, պետական կառուցվածքն ամրապնդելու և սոցիալական ինտեգրացման ծրագրերի իրականացման հարցում տեղի իշխանություններին օգնություն ցուցաբերելուն: Դրանից բացի, խոսք է գնում այն քայլերի սատարման մասին, որոնք ուղղված են մասնավոր ոլորտի զարգացմանն ու ազգային տնտեսության դիվերսիֆիկացմանը:
«Իրաքը նոր գլուխ է բացում իր պատմության մեջ»,- նշել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ֆերիդ Բելհաջը:
Նրա խոսքով՝ վիթխարի մարդկային ներուժը, հարուստ բնական ռեսուրսները և կարևոր ռազմավարական դիրքը կդառնան երկրի սոցիալ-տնտեսական վերականգնման առանցքային տարրերը:
Բանկի ներկայացուցիչները նշում են, որ օգնության նոր ծրագիրն ուղղված է ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությանը, այլև մարզերին:











































