Իսրայելական Cursorinfo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում հայտնաբերվել է վնասական նոր համակարգչային վիրուս, որի թիրախում են եղել իրանական արդյունաբերական օբյեկտները: Այս մասին երեկ հայտարարել են Համակարգչային միջադեպերին արձագանքելու իրանական կենտրոնի աշխատակիցները:
Վերջիններիս խոսքերով՝ այդ վիրուսը համակարգչի կոշտ սկավառակից անվերականգնելիորեն ոչնչացնում է եղած ֆայլերն ու տվյալները: Նրանք կարծում են, որ դա Իրանի դեմ ուղղված նպատակային հարձակում է: Իր կազմակերպվածությամբ այս հարձակումը շատ ավելի պարզ է, քան նախորդ հարձակումները, որոնց հետ Իրանը բախվել է մինչ այս:
Իրանական կենտրոնն ընդգծել է, որ ստեղծված վիրուսի ծածկագիրը եզակի է, ինչի համար հակավիրուսների մեծ մասն այն չի ճանաչել որպես սպառնալիք: Կենտրոնից հավելել են, որ վիրուսի առկայության նշանները հայտնաբերվել են մի շարք արտադրական ձեռնարկությունների համակարգիչներում, որոնց անունները, սակայն, չեն հրապարկվում:









































