«Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը մի քանի օր տևած մարտերից հետո գրավել է Դամասկոսի հարավում տեղակայված պաղեստինցիների «Յարմուկ» ճամբարը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ապստամբների և ճամբարի բնակիչների շրջանում իր աղբյուրները:
«Ամբողջ ճամբարը գտնվում է «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության տակ»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրներից մեկի խոսքերը:
Աղբյուրի խոսքերով` այն փախստականները, որոնք աջակցել են Սիրիայի կառավարական զորքերին, փախել են ճամբարից:
Մի քանի օր շարունակ ճամբարում մարտեր էին ընթանում: Հաղորդվում էր, որ պաղեստինցի փախստականների մի մասն աջակցում է ապստամբներին, իսկ մյուս մասը` կառավարական զորքերին:
Հիշեցնենք, որ կիրակի Սիրիայի օդուժը ճամբարի վրա արձակել է առնվազն երկու հրթիռ, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 25 մարդ։










































