Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, «Դեմոկրատական ձախ» կուսակցության (ԴՁԿ) քարտուղար, Դենիզլիից ընտրված խորհրդարանական Հասան Էրչելեբին անդրադարձ է կատարել «Էգենեկոնի» շրջանակներում ձերբակալված լրագրող Ահմեթ Շըքի` «Իմամի բանակը» դեռևս չհրատարակված գրքին առնչվող վերջին զարգացումներին:
Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունն արդեն կրկնակի խուզարկություն է անցկացրել «Իթհաքի» հրատարակչատանը, որտեղ և պետք է հրատարակվեր այդ գիրքը:
Այս կապակցությամբ Էրչելեբին նշել է. «Ողջ աշխարհի մասշտաբով առաջին անգամ ենք ականատես լինում, որ չհրատարակած գիրքը վերածվում է «նահատակի»: Էրդողանն ամեն առիթով հայտարարում է, թե Թուրքիայում գործում են խոսքի և մնացած այլ քաղաքացիական ազատությունները: Մարդիկ սարսափած են:
Նախ ձերբակալեցին Ահմեթ Շըքին, սակայն տեսան, որ դա բավարար չէ, և այժմ ընկել են նրա գրքի հետևից: Էրդողանն արդեն սկսել է վախենալ չհրատարակված գրքերից»:
Հիշեցնենք, որ երեկ էլ թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ նմանատիպ դեպքեր չեն գրանցվել անգամ Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակներում:








































