Ժամանակակից հասարակության տարբերակիչ առանձնահատկությունն աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, տեղի ունեցող հակամարտություններն են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ըստ նրա՝ Գերմանիան, հանդիսանալով Թուրքիայի դաշնակից, վերջինիս կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայելու համար։ Կանցլերն ասել է, որ դրանք ունեն միայն պաշտպանական բնույթ:
Խոսելով Եվրոպայի զարգացման մասին՝ Մերկելը նշել է, որ եվրոպական քաղաքականությունն արդեն վերածվել է ներքին քաղաքականության, ինչը նշանակություն ունի նաև Գերմանիայի համար: Ինչ վերաբերում է դրամատնտեսական ճգնաժամին, ապա, ըստ նրա, խոսքը պետք է լինի ոչ թե իրավիճակի կայունացման, այլ սխալների շտկման մասին` բացառելով դրանց կրկնությունն ապագայում:
Մերկելի կարծիքով՝ Եվրոպայի զարգացման համար անհրաժեշտ է տնտեսական և քաղաքական գործողությունների համակարգում:
Եվրոպական խոշոր խնդիրների շարքում Մերկելը նշել է երիտասարդների շրջանում գործազրկության առկայությունը, որի լուծման համար պետք են մասշտաբային միջոցառումներ: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ստեղծել եվրոպական միասնական աշխատանքի շուկա, որը մեծ հեռանկարներ կստեղծի:
Ըստ Մերկելի՝ Եվրոպան դրական զարգացման համար բոլոր նախադրյալներն ունի, սակայն հարկավոր չէ մոռանալ սեփական տնային աշխատանքները կատարելու մասին:









































