Շաբաթ օրը երեկոյան հերթական միջադեպն է գրանցվել երևանյան գիշերային ակումբներից մեկում, այս անգամ` «Սկարլետ»-ում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Թե կոնկրետ ի՞նչ ծեծկռտուք է տեղի ունեցել և ովքե՞ր են եղել դրա մասնակիցները, առայժմ չի բացահայտվում: Ավելին, միջադեպի մասին կայքի հարցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դեպքի օրը, «Սկարլետ» գիշերային ակումբից, իրոք, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Սակայն, զրուցակիցը միաժամանակ նաև հավելել է, որ ծեծկռտուքի մասին լուրերն առայժմ չեն հաստատվում: «Մարմնական վնասվածքներ չեն գրանցվել, ակումբի տնօրինությունն ու այցելուները հերքում են միջադեպի մասին տեղեկությունները»,- նշում են Ոստիկանությունից: Իսկ մեր հարցին, թե այդ պարագայում ո՞վ է եղել ահազանգողը, պատասխանել են՝ քաղաքացի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծկռտուքի դեպք էր գրանցվել նաև Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում: Հետաքրքրական է, որ ըստ լուրերի՝ 2 գիշերային ակումբներն էլ պատկանում են նույն անձանց:









































