Սոցիալական բարձր կարգավիճակ ստանալը կյանքի նպատակ է ոչ միայն մարդկանց մեծ մասի, այլև կենդանիների համար: Եվ դա լիովին բացատրելի է, քանի որ որքան բարձր է դիրքը սոցիումում, այնքան հեշտ է հասանելիությունը սննդին, սեռական զուգընկերներին և անվտանգ կյանքին:
Պրիմատներն ունեն լիովին կազմակերպված սոցիալական կառուցվածք: Գիտնականների այս թեմայով աշխատանքը հրապարակվել է PLOS Biology ամսագրում:
Օքսֆորդի համալսարանից մասնագետների խումբը փորձել է պարզել՝ արդյոք լիդերի հատկանիշները կարո՞ղ են պրիմատների ուղեղի որոշակի կառուցվածքի արդյունք լինել: Պարզվել է՝ ուղեղի կառուցվածքով լիովին հնարավոր է որոշել՝ ով է դրա կրողը՝ առաջնո՞րդ, թե՞ հետևորդ: Գերիշխող տեսակների ուղեղի որոշ հատվածներ են ավելի զարգացած, պասիվների դեպքում՝ այլ: Բացի դրանից՝ ուղեղի գոտիների իրար հետ փոխազդելու ձևերը ևս հարաբերվում են կապիկի սոցիալական կարգավիճակի հետ:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիերարխիկ սանդուղքի վրա կապիկների դիրքից կախված՝ փոխվում է ոչ միայն կառուցվածքը, այլև ուղեղի ակտիվությունը:
Հետաքրքիր է, որ սոցիալական խմբի մեծությունը ևս կախված է դրա անդամների ուղեղի որոշակի գոտու չափից:
«Ուղեղի կառուցվածքի կախվածությունը խմբի թվից թույլ տալիս ենթադրել, որ սոցիալական կարգավիճակը և հիերարխիայի այլ չափանիշներ կարող են նախօրոք կանխորոշված լինել»,- ասում է հետազոտության համահեղինակ Մեթյու Ռաշվորթը:
Գիտնականները նախկինի պես վստահ չեն՝ արդյոք ուղեղի կառուցվածքի տարբերությունները բնածի՞ն են, թե՞ ձևավորվում են սոցիալական փոխազդեցությունների արդյունքում:












































