ՀՀ ԱՆ պրոֆեսոր, Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դալբաշյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանում արյան դոնորության վիճակին, ասաց` Հայաստանում այժմ չկա արյան դոնոր հանդիսացող մարդկանց բավարար քանակ:
«Արյան ծառայությունը և դոնորությունը համարվում են շատ կարևոր խնդիր: Պետք է ասեմ, որ մենք վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ ենք կատարել այս ոլորտում: Մասնավորապես`մարդու արյան դոնորության օրենքը, որը կանոնակարգում է արյան դոնորության շրջանակները, արյան ներարկման, տեղափոխման հարցերը, ինչպես նաև այս ոլորտի իրավական հարցերը, դոնորների և ռեցիպիենտների հսկման խնդիրը:
Խորհրդային Միության տարիներին կար կամավոր դոնորության գաղափար` բոլորը պարտադիր պետք է արյուն հանձնեին: Իսկ հիմա մենք ունենք որոշակի խնդիրներ: Այս տարվա ընթացքում ունեցել ենք 14.000 արյունատվություն: Պետք է ասեմ, որ մեր բնակչության 0.1 տոկոսն է ներգրավված սրանում: Բայց իրականում մենք պետք է ունենայինք արյուն հանձնող շուրջ 60.000 մարդ, որպեսզի գոնե նորմայի 2.4 տոկոսի սահմանը հատենք: Ես ուզում եմ, որ մեր դոնորության քարոզարշավին միանան նաև Կարմիր խաչը, եկեղեցին` քահանաները իրենց աղոթքներում սա ավելացնեն, որովհետև այն իրապես շատ կարևոր է: Այս խնդիրը, կարծում եմ, պետք է լինի նաև մեր հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում»:
Ս. Դալբաշյանը նշեց նաև, որ կան բազմաթիվ բժիշկներ, ովքեր շուրջ 60 անգամ եղել են դոնորներ. «Տեսնում են, որ հարազատները չեն կարողանում դոնոր լինել` արյան խումբը չի համապատասխանում, հետևաբար իրենք են արյուն հանձնում, որպեսզի փրկեն մարդու կյանքը:
Մեկ բան ևս ավելացնեմ. արյան փոխպատվաստման դոնոր լինելու համար անհրաժեշտ է հանձնել 450մ/լ արյուն: Մարդիկ շատ հաճախ հանձնում են 200-250մ/լ, և իրենց թվում է` արդեն դոնոր են: Իսկ իրականում սուր լեյկոզով և նմանատիպ այլ հիվանդություններով տառապողներին անհրաժեշտ է ամենաքիչը 450մ/լ արյուն»:









































