Enjoy movies և AP cinema կինոընկերությունների համատեղ արտադրության «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերային, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում, կմասնակցի նաև ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը:
Ֆիլմը բաղկացած է 5 նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, ԴմիտրիԳրաչև, Կլիմ Պոպլավսկի:
Կինոնկարի պրոդյուսերներն են Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, ՎալերիՍահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը «Մայրեր» սիրված ֆիլմի շարունակությունն է, որը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Փարիզ» նովելում Վերա Եվգենևան երկար տարիներ գավառական դպրոցում աշխատում է որպես ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: Նրա ամենանվիրական երազանքն է լինել Փարիզում, որն «աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն»: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Նովելում նկարահանվել են Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, ՊավելՎոլյան:
«Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն 6 միլիոն դոլար է (ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը), իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: Ֆիլմը էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից:










































