Իրանը պատրաստ է միջազգային միջնորդների «վեցյակի» հետ շարունակել բանակցությունները՝ Թեհրանի միջուկային ծրագրի հարցով վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահ Հասան Ռուհանիին:
«Ներկայումս մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները՝ մինչև վերջնական համաձայնության գանք, և եթե «վեցյակի» երկրների մտադրությունը բանակցություններում Իրանի վրա ճնշում գործադրելը չէ՝ խոչընդոտելու երկրի տեխնոլոգիական և գիտական առաջընթացին, ապա համաձայնության ճանապարհը բաց է»,- ասել է Ռուհանին Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էրկի Թուոմիոյայի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Իրանն այդ հարցին որևէ խտրական մոտեցում չի ընդունի, որը հակասում է միջազգային օրենքներին, և ցանկանում է, որպեսզի երկրի բացարձակ իրավունքները պահպանվեն ԱԷՄԳ մյուս անդամների հետ հավասար:







































