«Երեք տարի առաջ եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում որևէ թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու ԲՀԿ որոշմանը:
Բանախոսը նշեց, որ վաղուց է ասել` Ծառուկյանը չի առաջադրվելու, նա չէր կարող անկառավարելի լինել: Ըստ նրա՝ բոլորը գիտեն, թե այդ կուսակցությունն ինչ նպատակների համար է ստեղծվել:
«Քաղաքական դաշտն ամայացավ. եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Սերժ Սագսյանը շռնդալից կանցնի: Ընդդիմությունը փոշիացավ, որովհետև խաղացողները «լավն» էին: Ես կանխատեսումներ անել չեմ սիրում, բայց ինձ համար հասկանալի էր, որ դա չի լինելու: Լևոն Զուրաբյանն ամենածանրը տարած կլինի»,- նման տեսակետ հայտնեց բանախոսը:
Խոսելով ԲՀԿ ընտրազանգվածի մասին՝ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ ԲՀԿ ընտրազանգվածը որոշակի խոստումների արդյունքում էր ձևավորվել: Նրա խոսքով՝ ընտրազանգվածը կբաշխվի՝ նայած թե ինչ խաղացողներ կլինեն և ինչ խոստումներ կտան:
Բանախոսը նաև անդրադարձավ ՀԱԿ-ին` ասելով, որ այդ կառույցում միայն այդ հարթակների վրա կանգնածները չեն, այնտեղ նվիրյալներ կան, որոնց առաջ կարելի է գլուխ խոնարհել: «Ես չգիտեմ` տակտիկական սխալներ եղել են, բայց ո՞նց կարող եմ վատն ասել»,- նշեց բանախոսը:
Նա նաև խոսեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման և հնարավոր հաջողությունների շուրջ. «Նա խոսքի հզոր ուժ ունի, բայց որոշ պրոցեսներ այնպես չեն գնացել, ժողովրդի մեջ որոշակի հիասթափություն կա, երևի քաղաքական մարտավարությունից էր: Կասկածում եմ, որ նույն թափը լինի»:
Հարցին` որքանո՞վ է հավանական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը, պատասխանեց. «Բացառում եմ: Միակ ուրախալի բանը դա է»:










































