Էկվադորյան արդարադատությունը վեց ոստիկանի դատապարտել է 12-ական տարվա ազատազրկման 2010 թ. անկարգությունների ժամանակ նախագահ Ռաֆայել Կորեայի սպանության փորձի համար՝ հաղորդում է Notimex գործակալությունը:
Ըստ հարավամերիկյան երկրի դատախազության հաղորդման՝ մեղադրյալների մեղքն ապացուցվել է 51 վկայի և 38 փաստաթղթային ապացույցների միջոցով, այդ թվում նաև տեսագրություններով և ձայնագրություններով:
2010թ. սեպտեմբերին հարյուրավոր զինծառայողներ և ոստիկաններ, ովքեր դժգոհում էին իրենց հասանելիք արտոնությունների ու պարգևների կրճատմանն ուղղված նոր օրենքից՝ գրավել էին Կիտո մայրաքաղաքի զորամասը, մի քանի ռազմաբազա, արգելափակել էին մայրաքաղաքային օդանավակայանի աշխատանքը: Դժգոհողները վիրավորել էին Կորեային, իսկ հետո շրջափակել էին այն հիվանդանոցը, որտեղ գտնվում էր նախագահը:
Ավելի վաղ դատախազ Գուստավո Բենիտեսը հաղորդել է, որ բոլոր մեղադրյալները անկարգությունների ժամանակ գտնվել են հոսպիտալի տարածքում, որտեղ ապաստանել էր Կորեան, և պատրաստ են եղել նախագահի ուղղությամբ կրակ բացել:







































