ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով 4 բանաձևերին, որոնք ընդունվել են 1993թ. ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը, բաժին է հասել կազմակերպության բազմաթիվ այլ խաղաղարար փաստաթղթերի ճակատագիրը, որոնք գնացել են «սեղանի տակ», քանի որ ՄԱԿ-ում մինչ այժմ չի ձևավորվել աշխարհում այդպիսի հակամարտությունների վրա ազդելու մեխանիզմ, իսկ այս կամ այն բանաձևի կատարումը կախված է առանձին երկրների շահերից: «Վեստնիկ Կավկազա» կայքի թղթակցի հետ հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
«Ո՛չ Գլխավոր ասամբլեան, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չունեն ազդեցության լծակներ հակամարտությունների կարգավորման ու բանաձևերի կատարման վրա: Ընդհանուր առմամբ՝ ԱԽ-ի բանաձևերի մեծ մասը չի իրականացվում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով 4 բանաձևերն ունեն իրենց պատճառները, որ դրանք կյանքի չեն կոչվում:
Առաջին հերթին՝ դրանց ընդունումից անմիջապես հետո Սփյուռքի հայկական կազմակերպությունները, օրինակ՝ ԱՄՆ հայ ազգային կոնգրեսը, սկսեց միակողմանի քարոզչական արշավ, որով Ադրբեջանը այդ հակամարտության մեջ ներկայացրեց որպես ագրեսոր, իսկ Հայաստանը՝ որպես զոհ:
Այդ ժամանակ քարոզչությունը հասավ իր նպատակին ու խախտեց ՄԱԿ-ի ԱԽ-ում միասնական կարծիքն այն մասին, որ Հայաստանը պետք է ազատի իր կողմից օկուպացված տարածքները»,- պատմել է Բրայզան:
Նրա խոսքով՝ բանաձևերի հետաձգման հարցում իր դերը խաղաց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը:
«Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հարցով 4 բանաձևերը, ԵԱՀԿ-ն ստեղծեց այսպես կոչված Մինսկի խումբը՝ հակամարտության խաղաղ կարգավոման հարցով բանակցություններ անցկացնելու համար:
Հենց այդ բանակցությունները, որ ուղղված էին Ադրբեջանի ու Հայաստանի միջև կոմպրոմիսի որոնմանը, սկսվեցին, դրանք մթագնեցին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի կատարման անհրաժեշտությունը, որը պահանջում է, ինչպես հայտնի է, առանց նախապայմանների, հայկական զորքերի անհապաղ դուրսբերում օկուպացված տարածքներից»,- ասել է Բրայզան:
Վերջինս հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի կյանքի կոչումը Լիբիայի և Իրաքի հարցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, այլ ոչ թե ՄԱԿ-ի՝ որպես այդպիսին:
«Երբ այդ երկու երկրները գիտակցեցին իրենց անվտանգության, իրենց ընկերների ու դաշնակիցների անխուսափելի սպառնալիքները, նրանք կիրառեցին ռազմական ուժ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ԱԽ անդամ երեք երկրները (Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան) կապված են Մինսկի խմբի ձևաչափով, փոխհամաձայնության հասնելու պատասխանատվությամբ, որը, ինչպես ենթադրվում է, կհանգեցնի ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի կյանքի կոչմանը»,- ընդգծել է նա:
Ինչպես բացատրել է Բրայզան, ԱՄՆ-ը ներկայումս չի պնդում բանաձևերի իրականացումն ու հակամարտության գոտուց զորքերի դուրսբերումը, քանի որ սպասում է խաղաղ կարգավորման արդյունքներին:
«Միացյալ Նահանգների դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերի հարցով այնպիսին է, որ դե-ֆակտո դրանց իրականացումը տեղի կունենա միանգամից, երբ Մինսկի խմբի շրջանակում ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական կարգավորում:
Ես կարծում եմ՝ ԱՄՆ-ը պետք է մեծացնի քաղաքական ջանքերը՝ խաղաղ բանակցություններում թռիչքի հասնելու համար, ընդհուպ մինչև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Ջոն Քերիի անձնական մասնակցություն երկխոսությունում»,- եզրափակել է խոսքը Մեթյու Բրայզան:
Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը









































