«Ցավալի է, որ բազմափորձ դիվանագետը, որն այսօր հանդիսանում է ԵԱՀԿ գործող նախագահ, հավասարաչափ չի մոտենում խնդրին: Եթե նա պարզապես մոռացել է ու չի ասել, ապա կարծում եմ` նրա դիվանագիտական կարողությունները ցածր են, իսկ եթե չի մոռացել և չի ասել, ապա դա պետք է ընդունել որպես ԵԱՀԿ-ի տեսակետ և դիրքորոշում»,- անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությանը Հայաստանի կողմից դիպուկահարներին ետ քաշելու վերաբերյալ` «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ իր համար էլ է շատ զարմանալի եղել Աժուբալիսի հայտարարությունը:
Նա հիշեցրեց, որ դեռևս մի քանի ամիս առաջ հայտարարություն եղավ, որ ադրբեջանական կողմը ձեռք է բերել նոր տիպի հեռահար հրացաններ, մինչև անգամ հայկական կողմից եղան հայտարարություններ, որ մեր կողմից ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի հակազդեն այդ ամենին. «Աշխարհի համար շատ ակնհայտ էր, որ Ադրբեջանի կողմից դիպուկահար համակարգ է ստեղծվել, բայց, ցավոք սրտի, ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում հայտարարեց, թե Հայաստանը պետք է զերծ մնա դիպուկահար գործողություններից»:
Հովհաննիսյանը ընդգծեց, որ դիվանագետները ոչինչ չեն մոռանում, և դիվանագետները հաստատ չեն մոռացել Ադրբեջանի քայլերը. «Սա ԵԱՀԿ-ի կամ գոնե ԵԱՀԿ գործող նախագահի տեսակետն է և մոտեցումը»: