Activision Blizzard ընկերությունը արձագանքել է Ռոբին Ուիլյամսի երկրպագուների խնդրագրին, որը վերաբերում է World of Warcraft խաղում նրա կերպարի հավերժացմանը: Ուիլյամսը, որի բազմիցս խոստովանել է Warcraft-ի նկատմամբ իր սիրո մասին, WoW-ում կհայտնվի որպես ոչ խաղարկային կերպար: Այս մասին առաջինը հայտարարել է Չադ Ներվիգը՝ MMORPG-ի գեյմ-դիզայներներից մեկը, այնուհետև նորությունը հաստատել են WoW-ի Twitter-յան էջում:
«Շնորհակալ ենք: Դուք մեզ այնքան ուրախություն եք պարգևել, և հուսով ենք, որ մեր աշխարհն էլ կարողացել է ձեզ ուրախացնել: Կտեսվենք խաղում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուիլյամսը համակարգչային խաղերի մեծ սիրահար էր, հատկապես նրան դուր էին գալիս Warcraft 3, World of Warcraft-ը: Ինչպես հաղորդվում է VG247 պորտալում՝ դերասանը շատ էր սիրում The Legend of Zelda արկածային ցիկլը, իսկ դստերն անվանակոչել էր արքայադուստր Զելդայի պատվին: Ուիլյամսը նկարահանվել է նաև The Legend of Zelda-ի թողարկումների գովազդային հոլովակներում:
Օգոստոսի 11-ին Ռոբին Ուիլյամսը իր տանը մահացած է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպանություն է գործել:












































