Microsoft-ը սկսել է նոր սարքի շնորհանդեսի հրավեր ուղարկել ԶԼՄ-ներին՝ կոչ անելով «ավելի շատի պատրաստվել»: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ Բեռլինում IFA 2014 ցուցահանդեսի նախօրեին, հայտնում է The Verge-ը:
Ամենայն հավանականությամբ, 1 ամսից պակաս ժամանակ հետո ընկերությունը ցույց կտա «սելֆիի» համար Windows-սմարթֆոնը՝ այն, որը մի քանի շաբաթ առաջ սարքավորումների բաժնի ղեկավար Սթիվեն Էլոպը ցուցադրել է ներքին նիստի ընթացքում:
Նորույթը, հավանաբար, կանվանեն Lumia 730: Այն կունենա 4,7-դյույմանոց դիսփլեյ և 5 մեգապիքսել հզորությամբ դիմային տեսախցիկ:
Հավանաբար, այս սարքը Էլոպը գործընկերներին ցուցադրել է հուլիսին: Ըստ շշուկների՝ նա ևս 1 մոդել է ցուցադրել՝ Lumia 830, որը նկարագրել է որպես PureView տեսախցիկով «բարձր դասի հասանելի հեռախոս»: Հավանական է, որ այն ևս կներկայացվի սեպտեմբերի 4-ին:









































